Ամպերում վտանգավոր մանրէներ կան. Ուսումնասիրություն
Նորություններ

Ամպերում վտանգավոր մանրէներ կան. Ուսումնասիրություն

Ֆրանսիացի գիտնականները պարզել են, որ դեղերի հանդեպ կայուն մանրէներ անգամ ամպերում կան։ Այս բացահայտման մասին հրապարակվել է Science of The Total Environment ամսագրում, տեղեկացրել է AFP-ն։ 

 «Մանրէները սովորաբար ապրում են բուսականության, օրինակ՝ տերևների մակերեսին կամ հողի մեջ։ Մենք հայտնաբերել ենք, որ դրանք քամու միջոցով տարածվում են մթնոլորտում և կարող են տարածվել ամբողջ աշխարհով՝ մեծ հեռավորություններ կտրելով, նաև բարձր վայրերում՝ ամպերում»,- ասել է հետազոտության առաջատար հեղինակ Ֆլորենտ Ռոսին։

Գիտնականներն ուսումնասիրել են նմուշներ մթնոլորտային հետազոտությունների կայանից, որը տեղակայված է եղել 1465 մետր բարձրության վրա, կենտրոնական Ֆրանսիայում՝ քնած հրաբխի գագաթին։ Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ամպերը պարունակել են մեկ միլիլիտր ջրի համար 330-ից մինչև ավելի քան 30 հազար մանրէներ, միջինում՝ մոտ ութ հազար մանրէ մեկ միլիմետրի համար։

Կենսաբանները նաև հայտնաբերել են հակաբիոտիկների հանդեպ մանրէների կայունության գեների 29 ենթատեսակ։ Դեղերի հանդեպ կայունությունն առաջանում է այն ժամանակ, երբ մանրէները ենթարկվում են հակաբիոտիկների ազդեցությանը և «իմունիտետ» են ձեռք բերում դրանց հանդեպ մի քանի սերնդի ընթացքում։

Գիտնականների կարծիքով՝ ռիսկերն ընդհանուր առմամբ ցածր են մնում, քանի որ մանրէների մեծ մասը չի կարող ապրել ամպերում։ Սակայն մթնոլորտի ուսումնասիրությունը կարող է օգնել որոշել դեղերի հանդեպ կայուն մանրէների աղբյուրները՝ դրանց տարածումը սահմանափակելու համար։