Միջուկային բժշկության ոլորտում համագործակցելու նպատակով Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է «Ռուսատոմ Հելթ» ԲԲԸ գլխավոր տնօրենին և ընկերության ներկայացուցիչներին։
Ընկերությունը զբաղվում է միջուկային բժշկության տեխնոլոգիաների մշակմամբ, արտադրում է ռադիոնուկլիդային թերապիայի նոր ռադիոդեղամիջոցներ, ինչպես նաև ընդլայնում է միջուկային բժշկության մեթոդների կիրառումը ուռուցքային հիվանդությունների բուժման մեջ։
Քննարկմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծել հայ և ռուս մասնագետներից կազմված աշխատանքային խումբ՝ քայլ առ քայլ համագործակցության հայեցակարգն ու ճանապարհային քարտեզը մշակելու համար։
Այս փոխգործակցության արդյունքում մեր երկրում ուռուցքաբանության ոլորտում հասանելի կլինի միջուկային բժշկությունը բոլոր գերժամանակակից տեխնոլոգիաներով, ռադիոդեղամիջոցներ արտադրելու հնարավորություն կստեղծվի, ինչպես նաև ուռուցքաբանության մեջ կներդրվեն ախտորոշման ու բուժման նոր մեթոդներ։