ՀՀ ԱՆ միջազգային հարաբերությունների վարչության պետ, Հայաստանի Արագ արձագանքման բժշկական թիմի (ARM EMT) ղեկավար Արմեն Մելքոնյանը և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Ավետիս Ավետիսյանը մասնակցել են Իռլանդիայում տեղի ունեցած «Աղետների և անհետաձգելի բուժօգնության համաշխարհային միության (WADEM) կազմակերպած «Աղետների և արտակարգ իրավիճակների բժշկության 22-րդ համաժողովին»:
Միջոցառմանը ներկա էին արտակարգ իրավիճակներում արագ արձագանքման ոլորտի փորձագետներ ամբողջ աշխարհից՝ կիսվելու աղետների բժշկության, արտակարգ իրավիճակների կառավարման և բարդ հումանիտար ճգնաժամերի շրջանակում կուտակած լավագույն փորձառությամբ և գիտելիքներով:
Նիստին Արմեն Մելքոնյանը հանդես է եկել ելույթով` ներկայացնելով Հայաստանում ներկայում ձևավորման փուլում գտնվող Արագ արձագանքման բժշկական թիմի ստեղծման աշխատանքները:
«...Համավարակն ու բնական աղետների սրումը` մի կողմից, պատերազմներն ու ռազմական գործողությունները` մյուս կողմից, ցույց տվեցին, որ մեր օրերում աղետներին դիմակայելու պատրաստվածությունն շատ ավելի է կարևորվում, որտեղ համաշխարհային համերաշխությունը կարելի է համարել որպես մեր ժամանակի ամենամեծ մարտահրավերներին դիմակայելու հիմնաքարերից մեկը»:
Գիտակցելով երկրում արտակարգ իրավիճակներին պատշաճ արձագանքելու կարևորությունն ու դերը՝ Առողջապահության նախարարությունը ձեռնարկեց միջազգային որակավորում ունեցող արագ արձագանքման բժշկական թիմ ստեղծելու նախաձեռնություն, ինչը կնպաստի առաջնահերթ Հայաստանում, ինչպես նաև տարածաշրջանում և, ըստ անհրաժեշտության, միջազգային հարթակում մարդասիրական առաքելությունների ժամանակ աղետների և արտակարգ իրավիճակների ռիսկերի հնարավոր կրճատմանը...»։