Դեպքի վերաբերյալ նոր մանրամասների համաձայն՝ մոտոցիկլետով վթարի ենթարկվելուց հետո, ինչ-որ արտասովոր բան է տեղի ունեցել. նա սկսել է «տեսնել» երաժշտությունը և մի քանի ամիս դրսևորել է ստեղծագործական բարձր ունակություններ:
Ըստ զեկույցի՝ տղամարդու ուղեղի տրավմատիկ վնասվածքը (TBI) հանգեցրել է սինեստեզիայի զարգացման՝ հազվագյուտ նյարդաբանական հիվանդություն, որն ստեղծում է զգացմունքների «խառնաշփոթ»: Օրինակ՝ սինեստեզիայով տառապող որոշ մարդիկ, որոշակի ձայներ լսելիս տեսնում են ինչ-որ գույներ կամ պատկերներ:
Երաժշտություն լսելիս տղամարդը մտքում տեսնում էր երաժշտական նոտաներն այնպես, ասես դրանք գրված էին թղթի վրա, նման բան նա երբեք չի զգացել։ Նա նաև կարողանում էր երգի նոտաներն անվանել՝ պարզապես լսելով դրանք: Ըստ զեկույցի՝ որը հրապարակվել էր մայիսի 7-ին Neurocase ամսագրում, նա նաև հայտնել է, որ իր ունակություններն ակտիվացել են և նա պարտավորված է զգացել, մինչև ուշ գիշեր ստեղծագործել:
Ըստ դեպքի զեկույցի հեղինակների՝ նախկինում գրանցվել են դեպքեր, երբ ուղեղի վնասվածք ստացած մարդկանց մոտ զարգացել է սինեստեզիա կամ բարձր ստեղծագործական ունակություններ, սակայն սա առաջին դեպքն է, երբ նույն մարդու մոտ գրանցվել է երկու երևույթն էլ միաժամանակ: Հետազոտողների կարծիքով, ենթադրվում է, որ երկու հիվանդությունների դեպքում կարող են լինել նմանատիպ դրսևորումներ:
Այնուամենայնիվ, հեղինակները զգուշացրել են, որ իրենք հստակ չգիտեն, թե արդյոք տղամարդու գլխուղեղի վնասվածքն է պատճառ հանդիսացել նրա մոտ սինեստեզիայի առաջացման կամ ստեղծագործական ունակությունների բարձրացման համար և եթե դա այդպես է, այս արդյուքնը չափազանց հազվադեպ կհամարվի:
Ըստ զեկույցի, 66-ամյա տղամարդը երաժշտություն է դասավանդել երաժշտական կատարողի և կոմպոզիտորի կարիերայից հետո: 2021 թվականին նա մոտոցիկլետով վթարի է ենթարկվել, որի հետևանքով մեքենայից 30 ֆուտ (9 մետր) հեռու է նետվել։ Վթարից հետո նա կորցրել է հիշողությունը: Նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ համակարգչային տոմոգրաֆիայի արդյունքում պարզվել է, որ նրա ուղեղում արյուն է կուտակվել, որը հայտնի է սուբդուրալ հեմատոմա անվամբ: Նա երեք օր անց դուրս է գրվել հիվանդանոցից, քանի որ արյունահոսությունը այնքան ուժեղ չէր, որ վիրահատական միջամտություն պահանջվեր:
Իր ուղեղի վնասվածքի արդյունքում տղամարդը կենդանի կամ ձայնագրված երաժշտություն լսելիս նոտաներ «տեսնելուց» բացի ճանաչողական խնդիրներ է ունեցել, մասնավորապես՝ հիշողության հետ կապված խնդիրներ: Հեղինակների խոսքով՝ Synesthesia Battery առցանց հարցումը, որն օգտագործվում է սինեստեզիան ախտորոշելու համար, հաստատել է, որ հիվանդն ունեցել է տեսողական-ձայնային սինեստեզիա, որի ժամանակ հնչյուններն առաջացնում են տեսողական պատկերներ:
Վթարից հետո տղամարդը հայտնել է, որ ստեղծագործական նոպաներ է ունեցել, հիմնականում կեսգիշերից մինչև առավոտյան 4:00-ն ընկած ժամանակահատվածում, որի ընթացքում ստեղծագործել է:
Ուղեղի տրավման բուժելուց հետո, տղամարդու անսովոր ախտանիշները սկսել են անհետանալ: Հաղորդագրության համաձայն՝ իր վթարից երեք ամիս անց նա հայտնել է, որ իր ճանաչողական խնդիրները հիմնականում լուծվել են։
Զեկույցի հեղինակները նշել են, որ տեղյակ են սինեստեզիայի և ստեղծագործականության բարձրացման մեկ այլ դեպքից, որն առաջացել է ուղեղի տրավմատիկ վնասվածքից հետո, որի ժամանակ կինն ինսուլտից հետո նկարելու ցանկություն է զգացել և նկատել է իր ցավի փոփոխություններ (նյարդերի վնասման հետևանքով առաջացած ցավ)՝ կախված այն գույներից, որոնք նա օգտագործել է:
Ստեղծագործականության և սինեստեզիայի առաջացման պատճառները լիովին պարզված չեն, բայց երկուսն էլ կարող են կապված լինել ուղեղի նոր կապերի հետ, ասվում է նոր ուսումնասիրության մեջ: