Հայաստանում կբացվի քաղցկեղի ժառանգական նախատրամադրվածության կլինիկա
Նորություններ

Հայաստանում կբացվի քաղցկեղի ժառանգական նախատրամադրվածության կլինիկա

Երեխաների պաշտպանության միջազգային օրը Հայաստանի մանկական առողջության հիմնադրամը և ԱՆ Ռ.Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը ստորագրեցին համագործակցության հուշագիր, որով արյունաբանական կենտրոնում կբացվի «Կարինա անվան քաղցկեղի ժառանգական նախատրամադրվածության կլինիկա»։

«Առողջության պահպանման իրավունքը երեխաների հիմնարար իրավունքն է, և մենք պարտավոր ենք ապահովել նրանց առողջ մեծանալու, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում հավասարապես բուժում ստանալու իրավունքը»,- Ռ.Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում, շնորհավորելով բոլոր երեխաներին, ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Մանկական քաղցկեղի կանխարգելման նպատակով՝ այս կլինիկայում հետազոտվելու են քաղցկեղի նկատմամբ ժառանգական նախատրամադրվածություն ունեցող երեխաները։ Այդպիսով հիվանդությունը կարելի է կանխարգելել կամ հայտնաբերել վաղ փուլում։

Արդեն բուժված երեխաները հետազոտվելու են կլինիկայում՝ հիվանդության կրկնությունը կամ դրսևորումները կանխելու համար։

Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի տնօրեն Արմեն Մարտիրոսյանը կարևորել է քաղցկեղի վաղ հայտնաբերումը մեր երկրում՝ ասելով. «Ուրախ ենք, որ այսօր հնարավորություն ունենք ֆինանսավորելու նման կարևոր կենտրոնի ստեղծումը, որը կնպաստի երեխաների մոտ քաղցկեղի վաղ հայտնաբերմանն և կանխարգելմանը, արդյունավետ բուժմանը, արդյունքում՝ նվազեցնելով քաղցկեղի տարածվածությունն ու մահացությունը Հայաստանում և Արցախում»: 

Այս գաղափարի իրականացմանն աջակցել են նաև Կարինա Պետրոսյանի ծնողները, ում ոսկրածուծի փոխպատվաստման համար հավաքած ողջ գումարը նվիրաբերել են կենտրոնի բացմանը՝ ժամանակին ախտորոշման և կյանքեր փրկելու հնարավորության համար։

Առողջապահության նախարարն այցելել է Արյունաբանական կենտրոն և Արյան բանկի նոր շենքի շինհրապարակ՝ ծանոթանալու աշխատանքների ընթացքին։