ՄՌՏ նորարարական տեխնոլոգիան օգտագործած նոր ուսումնասիրությունը պարզել է, որ գլխուղեղի ուղեղիկը կարող է ավելի խոցելի լինել COVID-ի վարակների նկատմամբ, քան ուղեղի այլ հատվածները:
Ռոտմանի հետազոտական ինստիտուտի և Կանադայի Տորոնտոյի Սաննիբրուկ հիվանդանոցի ուսումնասիրությունը հաստատում է այն գաղափարը, որ COVID-ը կարող է հանգեցնել ուղեղում փոփոխությունների, ասվում է հայտարարության մեջ:
Պատկերման նոր մեթոդը, որը կոչվում է correlated diffusion imaging (CDI), մշակվել է Կանադայի Վաթերլոյի համալսարանի համակարգերի նախագծման պրոֆեսոր Ալեքսանդր Վոնգի կողմից:
ՄՌՏ-ի նոր տարբերակը՝ CDI-ն, կարող է ավելի լավ պատկերել ջրի մոլեկուլների շարժման տարբերությունները հյուսվածքում՝ ֆիքսելով և խառնելով ՄՌՏ ազդանշանները տարբեր գրադիենտ իմպուլսի ուժգնությամբ և ժամանակացույցով, ասվում է Human Brain Mapping ամսագրում հրապարակված հետազոտության մեջ: Վոնգը CDI-ը նախկինում մշակել էր որպես քաղցկեղի հայտնաբերման ավելի լավ պատկերային միջոց:
Մեծ կիսագնդերի սպիտակ նյութի CDI պատկերումը (ուղեղի մեջ) բացահայտեց ջրի մոլեկուլների սահմանափակ տարածում COVID-19-ով հիվանդների մոտ: Միաժամանակ, այն պատկերեց ջրի մոլեկուլների սահմանափակ տարածում COVID-ով հիվանդների ուղեղիկում:
«Ոմանք կարող են մտածել, որ COVID-19-ը ազդում է միայն թոքերի վրա», - ասաց Վոնգը: «Պարզվել է, որ այս նոր ՄՌՏ մեթոդը, որը մենք ստեղծել ենք, շատ լավ է COVID-19-ով պայմանավորված ուղեղի փոփոխությունները հայտնաբերելու համար: COVID-19-ը փոխում է ուղեղի սպիտակ նյութը»:
Բացի այն, որ սա այն քիչ հետազոտություններից է, որն անրադարձել է COVID-19-ի ազդեցությանը ուղեղին, այն նաև առաջինն է, որ հաղորդում է ուղեղիկի սպիտակ նյութի դիֆուզիոն խնդիրների մասին:
Չնայած ուսումնասիրությունն ի սկզբանե նախատեսված էր ցույց տալու COVID-ի հետևանքով առաջացած ուղեղի փոփոխությունները, այլ ոչ թե հատուկ վնասվածքները, այն ասում էր, որ նման փոփոխությունների հավանական աղբյուրներից շատերը կապված են հիվանդությունների և վնասվածքների հետ:
Վոնգը առաջարկեց ապագա թեստերը կենտրոնացնել այն բանի վրա, թե արդյոք COVID-19-ն իրականում վնասում է ուղեղի հյուսվածքը: Նա ասաց, որ լրացուցիչ ուսումնասիրությունները կարող են նաև որոշել, թե արդյոք COVID-19-ը կարող է փոխել ուղեղի գորշ նյութը:
«Հուսով ենք, որ այս հետազոտությունը կարող է հանգեցնել ավելի ճիշտ ախտորոշումների և բուժումների COVID-19-ով հիվանդների համար», - ասաց Վոնգը: