Առնետներին պատմության մեջ առաջին անգամ սառեցված երիկամներ են փոխպատվաստել
Նորություններ

Առնետներին պատմության մեջ առաջին անգամ սառեցված երիկամներ են փոխպատվաստել

Մինեսոտայի համալսարանի գիտնականները հաջողությամբ իրականացրել են առաջին սառեցված օրգանի -150 աստիճանով փոխպատվաստումը:

Ինչպես հայտնում է Vc.ru-ն՝ հղում կատարելով Stat-ին, Մինեսոտայի համալսարանի գիտնականները մեծ առաջընթաց են գրանցել՝ կատարելով օրգանի առաջին հաջող փոխպատվաստումը, որը սառեցվել է զարմանալիորեն ցածր ջերմաստիճանում՝ -150 աստիճանով: Գիտափորձին մասնակցել են լաբորատոր առնետներ, և կենդանիներին փոխպատվաստել են նախկինում սառեցված երիկամներ։  Մինչ պրոցեդուրաները, օրգանները ենթարկվել են զգույշ հալման գործընթացի և տաքացվել են մինչև անհրաժեշտ ջերմաստիճանը։ Հետազոտողները մի քանի տարի են նվիրել տեխնոլոգիայի մշակմանը, որը կարող է ապահով կերպով տաքացնել սառեցված հյուսվածքները՝ առանց որևէ վնաս պատճառելու:

Փոխպատվաստումից հետո հալված երիկամներն ի սկզբանե մի քանի օրվա ընթացքում ավելի դանդաղ են գործել՝ համեմատած ավանդական մեթոդներով փոխպատվաստված օրգանների հետ: Սակայն երեք շաբաթից հետո երիկամների աշխատանքը լիովին վերականգնվել է։

Հետազոտական թիմը մտադիր է հետագայում ուսումնասիրել ծայրահեղ ցածր ջերմաստիճանում սառեցված օրգանների փոխպատվաստումը` օգտագործելով այլ կենդանիների մոդելներ:

Առաջիկա 1-2 տարում գիտնականները նախատեսում են սկսել մարդկանց սառեցված օրգանների փոխպատվաստման փորձերը: Եթե այս փորձերը հաջող լինեն, դա նշանակալի առաջընթաց կլինի օրգանների փոխպատվաստման տեխնոլոգիայում, քանի որ այն բացում է հեղուկ ազոտում փոխպատվաստման համար նախատեսված օրգանների երկարաժամկետ պահպանման հնարավորությունը: Ներկայումս փոխպատվաստման համար նախատեսված օրգանների պահպանման ժամկետը տատանվում է 4-6 ժամից մինչև մեկ օր: