Քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրը ՝ փետրվարի 4-ին, ՀՀ առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ Հայաստանում տարեկան գրանցվում է քաղցկեղի 7700 նոր դեպք։
Վիճակագրության տվյալներով՝ տղամարդիկ ավելի հաճախ հիվանդանում են շնչափողի, բրոնխների, թոքերի, լյարդի, միզապարկի և շագանակագեղձի քաղցկեղով, իսկ կանայք՝ կրծքագեղձի, արգանդի և արգանդի վզիկի: Ավելին, տվյալները ցույց են տալիս, որ վերջին տարիներին ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց մոտ նկատվում է ստամոքսի և հաստ աղիքի քաղցկեղի դեպքերի աճ:
Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների՝ քաղցկեղն ամբողջ աշխարհում մահացության առաջատար պատճառն է՝ 2020 թվականին գրանցելով մոտ 10 միլիոն մահ կամ գրեթե յուրաքանչյուր վեց մահից մեկը: Քաղցկեղ առաջացնող վարակները, ինչպիսիք են մարդու պապիլոմավիրուսը (HPV) և հեպատիտը, ցածր և միջինից ցածր եկամուտ ունեցող երկրներում կազմում են քաղցկեղի դեպքերի մոտավորապես 30%-ը: