Առողջապահության առաջնային օղակի բարեփոխումները շարունակվում են, հատկապես կարևորվում է մարզային պոլիկլինիկաների արդիականացումը ։
Առողջապահության փոխնախարար Արտակ Ջումայանն այս անգամ այցելել է Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի «Անդրանիկ Պետրոսյանի անվան քաղաքային պոլիկլինիկա»՝ ծանոթանալու առկա խնդիրներին և նախանշելու անհրաժեշտ անելիքները։
Արտակ Ջումայանը Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի և Բյուրեղավան համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանի ուղեկցությամբ շրջել է վերանորոգված պոլիկլինիկայի տարածքում, բուժհաստատության տնօրեն Միքայել Միքայելյանը ներկայացրել է նրանց պայմաններն ու հնարավորությունները՝ ընդգծելով բուժսարքավորումների անհրաժեշտությունը, մասնավորապես՝ ռենտգեն և ուլտրաձայնային ապարատների անհևաժեշտությունը, ինչպես նաև շտապօգնության ծառայության բարելավման հարցը։
Փոխնախարարը նշեց, որ մարզային պոլիկլինիկաները անհրաժեշտ սարքավորումներով հագեցնելը կարևոր նախապայման է որակյալ բուժօգնություն ցուցաբերելու համատեքստում։
Արտակ Ջումայանը կարևորել է էլեկտրոնային առողջապահության դերը պոլիկլինիկաների արդիականացման գործում, հետաքրքրվել էլեկտրոնային դեղատոմսերի և հաշվառումների ներդրման գործընթացով։
Առողջապահության փոխնախարարը վերահաստատել է, որ առողջապահության նախարարության գլխավոր ռազմավարություններից մեկը մարզերի բնակիչներին որակյալ բուժօգնություն ցուցաբերելն է ՝ այդպիսով խնայելով ժամանակ և ֆինանսական միջոցներ: