Կարոլինսկա ինստիտուտի (Շվեդիա) գիտնականները մշակել են մոլեկուլային մեթոդ, որը կարող է մի քանի րոպեների ընթացքում որոշել՝ արդյոք բակտերիաները արձագանքում են հակաբիոտիկներին: Արդյունքները հրապարակված են Nature Microbiology ամսագրում, և այժմ հետազոտողները հույս ունեն մշակել պարզ թեստ՝ բժիշկների օգտագործման համար:
«Մենք վստահ ենք և հուսով, որ սա կարող է դառնալ բազմաթիվ միջոցներից մեկը, որոնք անհրաժեշտ են բժիշկներին հակաբիոտիների նկատմամբ կայունության դեմ պայքարի համար, ինչը լուրջ և աճող խնդիր է», - ասում է Կարոլինսկա ինստիտուտի մանրէաբանության, ուռուցքային և բջջային կենսաբանության ամբիոնի դոցենտ Վիսենտ Պելեչանոն:
Մեթոդը կոչվում է 5PSeq, հեշտ է օգտագործման մեջ և հիմնված է մատրիցային ՌՆԹ-ի (մՌՆԹ) հաջորդավորման վրա, որը մանրէները քայքայում են սպիտակուցի սինթեզման ընթացքում: Չափումները ցույց են տալիս, թե ինչպես են բակտերիաների վրա ազդում շրջակա միջավայրի տարբեր գործոնները, ինչպիսիք են հակաբիոտիկներով բուժումն ու սթրեսի այլ տեսակները:
Հետազոտողները մեթոդը փորձարկել են ընդհանուր առմամբ 96 տարբեր տեսակի բակտերիաների վրա՝ բարդ կլինիկական նմուշներից, վերցրած, օրինակ կղանքից և հեշտոցից, ինչպես նաև պարարտանյութի նմուշներից: Ընդամենը մի քանի րոպեում նրանք կարողացել են տեսնել՝ արդյոք բակտերիաներն արձագանքում են հակաբիոտիկային բուժմանը, թե ոչ: Ազդեցությունն առավել նկատելի է եղել մոտ կես ժամ հետո։
3N Bio-ն այն ընկերությունն է, որը դոկտոր Պելեչանոն և նրա մի քանի գործընկերներ հիմնել են նորարարական KI ինկուբատորում՝ մեթոդ մշակելու և կլինիկական կիրառման արագ մոլեկուլային թեստ ստեղծելու համար: Նրանք այժմ ֆինանսավորում են ստացել Շվեդիայի հետազոտական խորհրդից՝ Կարոլինսկա համալսարանական հիվանդանոցի հետ համագործակցությամբ նման թեստի հայեցակարգի ապացույցը ցույց տալու համար:
«Չափազանց կարևոր է, որ բժիշկները կարողանան բակտերիալ վարակներով ծանր հիվանդների համար արագ ընտրել համապատասխան հակաբիոտիկները՝ հակաբիոտիկների անտեղի օգտագործումը կրճատելու համար», - ընդգծում է դոկտոր Պելեչանոն: Հակաբիոտիկների նկատմամբ կայունության փորձարկման ժամանակակից մեթոդները կարող են տևել ժամեր կամ նույնիսկ օրեր, սակայն հաճախ բուժումը պետք է ավելի արագ կատարվի՝ հիվանդի մոտ լուրջ հետևանքներից խուսափելու համար: Դրա պատճառով հաճախ նշանակվում են լայն ոլորտի հակաբիոտիկներ, ինչը մեծացնում է դիմադրողականության զարգացման վտանգը»:
Բացի հակաբիոտիկների նկատմամբ կայունության չափման, այս մեթոդը կարող է օգտագործվել՝ օգնելու հետազոտողներին հասկանալ, թե ինչպես են բակտերիաները հաղթահարում սթրեսը և փոխազդում միմյանց և օրգանիզմի հետ: Հետազոտողները կշարունակեն ուսումնասիրել աղիքների բարդ նմուշները՝ պարզելու, թե ինչպես են բակտերիալ համայնքները փոխազդում մեր աղիքներում և նպաստում առողջությանն ու հիվանդություններին:
Ուսումնասիրությունը ֆինանսավորվել է Ռագնար Սեդերբերգի հիմնադրամի, Շվեդական հետազոտական խորհրդի, Կնուտ և Ալիսա Վալլենբերգների հիմնադրամի (Վալլենբերգ ակադեմիայի կրթաթոշակ), ԵՄ-ի «Հորիզոն 2020 ծրագրի» և այլ կազամակերպությունների կողմից: Ամբողջական ցանկը կարելի է գտնել գիտական հոդվածում։ 3 NBio-ն հիմնադրվել է Վիսենտե Պելեչանոյի և հոդվածի երկու առաջին հեղինակների՝ Սյուզան Հուշի և Լիլիթ Ներսիսյանի կողմից։